Պատմությունը

Երևանի Սիրահարներ այգին դեռ շատերը կոչում են “Պուշկինի” այգի: Այս անվանումն էլ ոչ վաղ անցյալում է տրվել զբոսայգուն: 1949 թվականին ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ այգին այդպես է անվանակոչվել: 1970 թվականին այգին և նրան կից պողոտան (այժմյան և նախկինում էլ Մարշալ Բաղրամյան) վերանվանվեց Բարեկամության` ի նշանավորումն խորհրդային ժողովուրդների “եղբայրության”:
1995 թվականին Երևան քաղաքի պատգամավորների խորհրդի (նախագահության) որոշմամբ զբոսայգին վերանվանվեց “Սիրահարների”: Նշենք, որ նախկինում ժողովրդը այդպես է կոչել Դեմիրճյան փողոցը: Կարելի է եզրակացնել, որ այս այգում են կայացել Հայաստանի հարյուրավոր ընտանիքների առաջին սիրո հանդիպումները:
Այգին, 2007 թվականին վերակառուցվեց Պողոսյան պարտեզներ ծրագրի շրջանակում։

Հետաքրքրական է այգու կենսագրության մեկ այլ մանրամասն: 18-րդ դարում Հին Երևանի արվարձաններից էր “Կոզեռն” թաղամասը, որի հյուսիսային մասում էր տեղակայված այս այգին: Պատմական այդ թաղամասը հայտնի էր իր միջնադարյան գերեզմանոցով և մատուռով, որից պահպանված հիմնամասերը այսօր էլ սրբատեղի են շատերի համար: Այս տարածքի հին անվանումը` “Կոզեռնի այգիներ”, հուշում է, որ այօրվա “Սիրահարների” այգու ծառերը տնկվել են դեռևս 18-րդ դարում:

Հետագայում` Հայաստանի առաջին հանրապետության տարիներին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով “Կոզեռնը” համարվել է Երևանի ծայրամաս, արվարձան: Երևանի այս տարածքը բուռն զարգացում ապրեց երկրորդ աշխարհամարտից հետո: Մարշալ Բաղրամյանի պողոտայի երկու կողմերում կառուցվեցին այժմյան Ազգային ժողովի շենքը (նախկինում` Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի շենքը, ճարտարապետ` Մ. Գրիգորյան), Հանրապետության Նախագահի նստավայրը (նախկինում ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շենք, ճարտարապետ` Մ. Գրիգորյան), Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (ճարտարապետ` Ս. Սաֆարյան) և Հայաստանի ամերիկյան համալսարանը (նախկինում` Քաղկրթության համագումարների պալատ, ճարտարապետ` Մ. Գրիգորյան): Այս ամենը ամբողջական դարձավ ու լրացվեց արդի հայ ճարտարապետության լավագույն օրինակներից մեկի՝ Երևանի մետրոպոլիտենի “Մարշալ Բաղրամյան” կայարանով, 1981 թվականին:

Հայաստանի անկախության առաջին տարիներին, երբ հանրապետությունը հայտնվել էր տնտեսական շրջափակման ծանր կացության մեջ, ժողովուրդն անխնա հատեց քաղաքի (նաև շրջակա անտառների) ծառերը` բնակարանները տաքացնելու համար: Հրաշքով կանգուն մնացին այսօրվա այգու ավելի քան մեկուկեսդարյա պատմություն ունեցող ծառերը:
2005 թվականին բարերար Ալբերտ Պողոսյանի առաջարկով սկսվեց այգու բարեկարգման աշխատանքների նախապատրաստումը։


Նախագիծը

Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2006 թվականին: Բարեկարգման նախագիծն իրականացրել է շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ, ճապոնական և արևելյան պարտեզների մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Պիեռ Ռամբախը: Ավելի քան մեկ տարվա ուսումնասիրությունից հետո, համբավավոր ճարտարապետը կատարել է էսքիզային նախագիծը, որն էլ արժանացել է Երևանի քաղաքապետարանի հավանությանը: Նախագծի հիմքում ընկած են արևելյան ավանդական պարտեզների հիմնական սկզբունքները: Կարճ ասած, սա գերուրբանիզացված քաղաքներում “մի կտոր” բնություն է` իրեն հատուկ կենսոլորտով:

Այսպիսի այգի էր նախատեսել պարոն Ռամբախը։ 1.6 հա տարածությամբ այգու արևելյան հատվածում կառուցվել է արհեստական լճակ` երկու կղզյակներով: Դրանցից մեկը 100 քմ մակերեսով բեմահարթակ է` շուրջ 200 տեղանոց ամֆիթատրոնով (բեմահարթակին նայող ընդհանուր նստատեղերը` 400): Այգու ջրային կառույցներից են նաև երկու ջրվեժները, որոնցից հոսող ջուրը թափվում է մեծ լճակի մեջ: Այգում կա բացօթյա սրճարան՝ Աչաջուրը, որը հանդիսանում է երևանցիների ամենասիրելի վայրերից մեկը:

Ի տարբերություն երևանյան մյուս այգիների, Սիրահարների այգին կարևոր մի առավելություն ևս ունի: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները սակավաշարժ (սայլակավոր) այցելուների համար: Այգում չկան աստիճաններ, իսկ հանրային զուգարաններում կա հատուկ զուգարանախցիկ:

Երևանի Սիրահարների այգու ողջ տարածքը լուսավորված է, այն նախագծվել ու մշակվել է Հայաստանի լավագույն մասնագետների կողմից: Այգում կան և՛ նպատակային, և՛ գեղարվեստական լուսավորություն` քարե հորինվածքներն ու արձաններն ընդգծելու համար: Այգում տեղադրված են երեք քանդակներ՝ Արմենուհին (քանդակագործ՝ Հռիփսիմե Սիմոնյան), Գևորգ Էմինի հուշարձանը (քանդակագործ՝ Աշոտ Արամյան) և Օբսիդիանե սիրտը (քանդակագործ՝ Ժան Միշել Օտոնիել):

Այգու հիմնական ճեմուղիները երեսապատված են բնական քարերով: Այգին ջրարբիացվում է (ոռոգվում) արդիական և ավանդական միջոցներով: Ոռոգման ավտոմատ համակարգը ինքնակառավարվող է: Համակարգչի միջոցով որոշվում է այգու տվյալ տարածքի ոռոգումը, որը կախված է օրվա տեղումների քանակից և օդի խոնավությունից:
Այս այգին հանդիսանում է օրինակելի հասարարական վայր, ուր իրենց լիարժեք հանգիստն են անցկացնում այցելուներն առանց տարիքային սահմանափակման, հատկապես` երիտասարդները:

Հեղինակը

Պիեռ Ռամբախը ծնվել է 1925 թվականին Փարիզում: Ավարտել է Փարիզի Գեղարվեստի դպրոցի ճարտարապետության ֆակուլտետն, այնուհետև ուսումը շարունակել Շվեցարիայում: Մասնագիտական որակավորման բարձրացման համար եղել է Հնդկաստանում և Ճապոնիայում: Ծագող արևի երկրի Կիոտոյի համալսարանում նա հետևել է Մասուդա Թոմոյայի ճարտարապետական դպրոցին:
1968 թվականից հաստատվել է Շվեյցարիայում: Նա մի քանի տարի աշխատել է Շվեյցարական ավիաուղիներ ընկերությունում (Swissair)՝ որպես ճարտարապետ: Շվեյցարիայում Ռամբախը ստեղծել է արևելյան պարտեզների ոգով բազմաթիվ այգիներ, այդ թվում՝ 2004 թվականին Արևելյան արվեստների թանգարանի պարտեզ-այգին Ժնևում:

Պիեռ Ռամբախը հեղինակել և թարգմանել է բազմաթիվ գրքեր ճապոնական ավանդական արվեստների մասին, որոնք հիմնականում վերաբերում են ճարտարապետությանն ու կանաչապատմանը: 1973 թվականին նա ֆրանսերեն լեզվով թարգմանել և հրատարակել է Սակութե-Քիի կանաչապատման վերաբերյալ ճապոնական ամենահին գիրքը (1070 թ.): Այն տեղեկացնում էր ճապոնական այգիների և քարերով հորինվածքների հիմնական ձևերի մասին` կապված ավանդական այլ արվեստների հետ, ինչպիսիք են կերամիկան, գեղագրությունը, նկարչությունը և այլն:

Պիեռ և Սյուզան Ռամբախները հեղինակել են նաև “Երկարակեցության այգիներ, Չինաստան-Ճապոնիա” գիրքը, որը հրատարակել է Սկիրա-Ռիցոլի հրատարակչությունը 1987 թվականին Նյու-Յորքում (Skira-Rizzoli, New-York):
2005 թվականին նրանք հրատարակել են ուսուցողական սկավառակ` ճապոնական այգիներում քարերի դերի վերաբերյալ:

2005 թվականին, Պողոսյան հիմնադրամի պատվերով, Պիեռ Ռամբախը մշակեց Երևանի Սիրահարների այգու բարեկարգման նախագիծը, որը հանդիսացավ նրա վերջին խոշոր աշխատանքը։

Պիեռ Ռամբախը կյանքից հեռացավ 2013 թվականի գարնանը: Նրա շնորհիվ Երևանի Սիրահարների այգին հանդիսանում է առաջին և առայժմ միակ ճապոնական այգին Հայաստանում։
Please Rotate your device