ՀՏՀ

1. Ինչո՞ւ են խոտածածկ տարածքները փակ:
Մենք տեղյակ ենք, որ մեր այցելուները ցանկանում են քայլել կամ նստել խոտածածկ տարածքների՝ սիզամարգերի վրա, սակայն, ցավոք, դա դեռևս հնարավոր չէ: Այգու կանաչ սիզամարգը պահանջում է շատ մեծ խնամք և բարձր խոնավություն: Շոգ օրերի (ապրիլ- հոկտեմբեր) ընթացքում սեզն ամբողջությամբ ջրազրկվում է օդի անհամեմատ ցածր խոնավության պատճառով և, քայլելով կամ նստելով դրա վրա, այն վնասվում է: Վնասված սիզամարգերը վերականգնելու համար անհրաժեշտ են հավելյալ ռեսուրսներ և ժամանակ:
Առաջիկայում դեռևս սիզամարգը փակ է լինելու, հետո, երբ այգու ծառերը կլինեն բավական սաղարթախիտ, և այգու սեզը կզրկվի արևի անմիջական ճառագայթներից, այգու միայն ծառազուրկ շուրջ չորս հատվածներում կլինեն սիզամարգեր, իսկ մնացած խոտածածկ տարածքները բաց կլինեն բոլորի համար:


2. Ինչո՞ւ են մանկական խաղահրապարակի շրջակա խոտածածկ տարածքները փակ:
Այգում կանաչ սիզամարգն առանց բացառության փակ է բոլորի համար՝ լինի դա մանկական խաղահրապարակի շրջակա տարածքը, թե այգու մյուս հատվածները (տե՛ս հարց 1)։


3. Ինչո՞ւ է արգելված մտնել ջրային տարածքներ:
Ջրավազանը և ջրային տարածքները լողալու համար նախատեսված չեն և պարունակում են քիմիական նյութեր, որոնք վնասակար են մարդու և կենդանիների առողջության համար: Այգու տարածքում արգելվում է նաև մագլցել ջրվեժների, քարե հորինվածքների, ծառերի և բլուրների վրա: Դրանք ունեն դեկորատիվ նշանակություն և նախատեսված չեն մարդու, նույնիսկ երեխայի կամ կենդանու, ծանրության համար: Դրանք կարող են հեշտությամբ վնասվել ու վնասել Ձեզ և Ձեր երեխային և/կամ կենդանուն:


4. Ինչո՞ւ է շների մուտքն արգելված:
Այգու շահագործման առաջին իսկ տարվա ընթացքում խնդիրներ են առաջացել տերերի կողմից ընտանի կենդանիների, մասնավորապես՝ շների արտաթորանքի չմաքրման պատճառով։ Ցավոք, մեզ մոտ դեռևս չկա այն մշակույթը, երբ կենդանու ուղեկցողը մաքրում է ընտանի կենդանու արտաթորանքը։ Նշենք նաև, որ առաջիկա տարիներին այդ ուղղությամբ մի շարք գործողություներ են նախատեսված։ Ավելացնենք նաև, որ նույնիսկ վզկապով ու դնչկալով կենդանիները զգալի վնաս են հասցնում այգուն և խանգարում մյուս այցելուների հանգիստը: Հիշեցնենք, որ Ձեր կենդանու կողմից այլ անձանց առողջական վնաս պատճառելը քրեորեն պատժելի արարք է, և նման դեպքերում այգու աշխատակիցները իրավասու են դիմել իրավապահ մարմիններին:


5. Ինչո՞ւ են փակ կամրջակները:
Այգու տարածքում փակ են միայն այն կամրջակները, որոնք տանում են կանաչ սիզամարգեր։ Հաշվի առնելով այն փաստը, որ այգում սիզամարգերի վրա քայլել ու նստել չի թույլատրվում (տե՛ս հարց 1), այդ իսկ պատճառով այդ կամրջակները փակ են։


6. Ինչո՞ւ չի կարելի այգում նկարահանում կատարել:
Այգու տարածքում ցանկացած շահույթ հետապնդող գործունեություն արգելված է։ Առանց թույլտվության նկարահանումներ իրականացնելը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Դուք հանդիսանում եք զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ և ունեք այդ մասին վկայող փաստաթուղթ: Այդ դեպքում, այգու անվտանգության աշխատակցին մոտենալով, Դուք կարող եք լրացնել մամուլի ներկայացուցիչների համար նախատեսված հայտը՝ հավաստելով, որ նկարահանումը շահույթ հետապնդող չէ, որից հետո կկարողանաք իրականացնել նախատեսված նկարահանումը: Այգում չեն արգելվում այցելուների կողմից սիրողական նկարահանումները: Ավելին, մենք ուրախ կլինենք, եթե Դուք Ձեր նկարած գեղեցիկ և հետաքրքիր պահերը կիսեք մեր ֆեյսբուքյան էջում (facebook.com/boghossiangardens): Այգում չեն արգելվում նաև հարսանեկան նկարահանումները, քանի որ մենք հասկանում ենք այդ օրվա կարևորությունը նորապսակների համար և ցանկանում ենք, որ այդ գեղեցիկ պահերը հիշարժան դառնան նրանց համար:

Ըստ Երևանի Սիրահարների այգու միջոցառումների անցկացման գնագոյացման տրամաբանական աղյուսակի՝ շահույթ հետապնդող նպատակներով նկարահանումներ իրականացնելու համար նախատեսված են վճարներ՝ 50,000 ՀՀԴ, եթե նկարահանումն իրականացվում է այգու կանոնների խախտմամբ և 20,000 ՀՀԴ, եթե նկարահանումն իրականացվում է առանց կանոնների խախտաման։


7. Ո՞վ է կրում պատասխանատվություն այգում կորցրած իրերի համար։
Այգում կա կորած իրերի արկղիկ (Lost & Found), որում պահվում են բոլոր գտնված իրերը: Արկղիկը գտնվում է այգու անվտանգության սենյակում: Մենք կոչ ենք անում բոլոր այցելուներին ցանկացած իր գտնելու դեպքում, այն թողնել անվտանգության աշխատակցի մոտ: Փորձը ցույց է տալիս, որ կորած իրերի տերերը վերադառնում են՝ իրենց իրերը գտնելու նպատակով:


8. Ինչո՞ւ չի կարելի ծխել այգու որոշակի տարածքում։
2012 թվականի մայիսի 31-ին՝ ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը, Պողոսյան պարտեզներ հիմնադրամը, համագործակցելով Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական գիտությունների ֆակուլտետի և “Հայաստանն առանց ծխախոտի” հասարակական դաշինքի հետ, նախաձեռնեց “Ուրախ խաղահրապարակ, որտեղ չեն ծխում” նախագիծը, որի շրջանակներում Երևանի Սիրահարների այգու տարածքում գտնվող մանկական խաղահրապարակը և դրան հարող տարածքը դարձել են ծխախոտի ծխից ազատ գոտի: Այն հանդիսանում է առաջին բացօթյա հանրային տարածքը Հայաստանում, որտեղ ծխելն արգելվում է։ Մենք հարգում ենք ծխողների իրավունքներն ու խնդրում նրանց հարգել չծխողների իրավունքը և այգու նշված ծխից ազատ գոտում չծխել:


9. Ինչո՞ւ չի կարելի այգում անիվային շարժական միջոցներ (հեծանիվ, սկուտեր, սքեյթ և այլն) վարել, երբ այգում մանկական սայլակները թույլատրված են: Չէ՞ որ դրանք ավելի փոքր են իրենց չափով, ի տարբերություն մանկական սայլակի:
Այգու ոչ բոլոր տարածքներն են հարթ. կան բլրակներ, ոչ հարթ ու քարքարոտ ճանապարհներ, որոնք դժվարեցնում են այգում անիվային շարժական միջոցների շարժը: Քանի որ այս հանգամանքը մի փոքր վտանգավոր է դարձնում այգում անիվային շարժական միջոցներ վարելը, դրանց կիրառությունն այգում արգելված է: Դրան նպաստում են նաև այգու մի շարք նեղ ճեմուղիները, որոնք ապահովում են տարածքի գողտրիկությունը։ Այգում անիվային շարժական միջոցներից հնարավոր է վարել մանկական սայլակներ, քանի որ դրանք գտնվում են ծնողների ուշադրության և անմիջական հսկողության ներքո, ինչպես նաև սակավաշարժության խնդիրներ ունցող այցելուների համար նախատեսված սայլակներ, քանի որ այգում կան որոշ ճանապարհներ, որոնք հարմարեցված են այդ նպատակին։


10. Ինչո՞ւ չի կարելի այգում գնդակ կամ փետրագնդակ (բատմինթոն) խաղալ:
Ինչպես արդեմ նշվել է հարց 9-ում, այգու ոչ բոլոր տարածքներն են հարթ: Կան ոչ հարթ ու քարքարոտ ճանապարհներ, իսկ ճանապարհները նեղլիկ են և գնդակ խաղալու համար նախատեսված չեն: Ինչ վերաբերում է փետրագնդակ (բադմինտոն) խաղալուն, ապա այն հնարավոր է խաղալ, բայց ոչ խոտածածկ տարածքներում:




Please Rotate your device