Այգու կանոնները

Այգու Գլխավոր և Մարշալ Բաղրամյան մետրոյի հարակից դռները բաց են ամեն օր ժամը 06:00-ից 02:00-ն (01.12-ից 31.03-ը, ժամը 07:00-ից մինչև 01:00-ը), իսկ Դեմիրճյան մուտքի և Պռոշյան նրբանցքի կողմի դռները բաց են ամեն օր ժամը 07:00-ից մինչև 19:00-ն:

Ուշադրություն
Պողոսյան պարտեզները, որպես Երևանի Սիրահարների այգու շահագործող կազմակերպություն, ստորև թվարկված կանոնների շարադրմամբ Ձեզ տեղեկացնում է այգու տարածքում Ձեր իրավունքների և պարտականությունների մասին: Մուտք գործելով Այգու տարածք` Դուք համաձայնում եք այս կանոններին և Ձեզ վրա կտարածվեն դրանցից բխող իրավական հետևանքները:

Սույն կանոնները խախտող անձինք (իսկ երեխաների և կենդանիների դեպքում նրանց ուղեկիցները) կենթարկվեն պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության վարչական, քաղաքացիական և քրեական օրենսդրությանը համապատասխան:


Երևանի Սիրահարների այգու տարածքում գործող կանոններ


Արգելվում է լողալ այգու տարածքում գտնվող ջրավազանում:
Ջրավազանները և ջրային տարածքները լողալու համար նախատեսված չեն և պարունակում են քիմիական նյութեր, որոնք վնասակար են մարդու և կենդանիների առողջության համար:

Արգելվում է մագլցել ջրվեժների, քարե հորինվածքների, ծառերի և բլուրների վրա:
Այգու տարածքում գտնվող ջրվեժները, քարե հորինվածքները և բլուրները դեկորատիվ նշանակություն ունեն: Դրանք կարող են հեշտությամբ վնասվել և վնասել Ձեզ և Ձեր երեխային և/կամ կենդանուն:

Արգելվում է աղտոտել այգու տարածքը:
• Այգու տարբեր մասերում տեղադրված են առանձին՝ ապակու, թղթի, պոլիէթիլենային (պլաստիկ), ալյումինե տարաների տեսակավորման համար նախատեսված հատուկ աղբամաններ հետագա վերամշակման համար: Խնդրում ենք աղբը նետելիս զատել այն՝ ըստ համապատասխան աղբամանների:
• Մի շարք սննդի տեսակների` մասնավորապես արևածաղկի և այլ նմանատիպ աղանդերի օգտագործումը, քանի որ դրանք, անկախ Ձեր կամքից, կեղտոտում են այգու տարածքը:
• Ակնկալում ենք Ձեր անմիջական մասնակցությունը շրջակա միջավայրի և այգու մաքրության պահպանության գործում։

Արգելվում է վնասել այգու գույքը:
• Խնդրում ենք խնամքով վերաբերվել այգու տարածքում գտնվող գույքին: Այգու գույքին պատճառված վնասը ենթակա է փոխհատուցման այգու տնօրինության կողմից սահմանված գնացուցակի շուկայական արժեքներին համապատասխան:
• Այգու ողջ տարածքը ազատ է քայլելու և հանգստանալու համար: Հաշվի առնելով այգու պահպանման տեխնոլոգիական միջոցառումները, ինչպես նաև եղանակային և այլ հանգամանքները, կարող են ստեղծվել զբոսանքի համար ոչ նպատակահարմար, ժամանակավորապես արգելափակված տարածքներ:
• Խնդրում ենք հարգել նշված գործողությունները և ենթարկվել մուտքն արգելափակող ցուցանակներին:

Արգելվում է կենդանիների մուտքը այգու տարածք:
• Այգու շահագործման առաջին տարվա ընթացքը ցույց է տվել, որ նույնիսկ վզկապով ու դնչկալով կենդանիները զգալի վնաս են հասցնում այգուն և խանգարում մյուս այցելուների հանգիստը:
• Ձեր կենդանու կողմից այլ անձանց առողջական վնաս պատճառելը քրեորեն պատժելի արարք է և նման դեպքերում այգու աշխատակիցները իրավասու են դիմել իրավապահ մարմիններին:

Ծխախոտի ծխից ազատ գոտի:
• Այգու տարածքում կան ծխախոտի ծխից ազատ գոտիներ: Դրանք են՝ հանրային զուգարանը և մանկական խաղահրապարակը: Վերջինս հանդիսանում է Երևանի առաջին բացօթյան մանկական խաղահրապարակը, որը կոչվում է “Ուրախ խաղահրապարակ, որտեղ չեն ծխում”, որտեղ ծխելն արգելվում է։
• Մենք հարգում ենք ծխողների իրավունքներն ու խնդրում նրանց՝ հարգել չծխողների իրավունքը և այգու նշված բացօթյա ծխից ազատ գոտում չծխել:

Արգելվում է այգու տարածք մուտք գործել հեծանիվով կամ այլ անիվային շարժական միջոցներով, քանի որ կան բլրակներ, ոչ հարթ ու քարքարոտ ճանապարհներ, որոնք դժվարեցնում են այգում անիվային շարժական միջոցների շարժը և խանգարում են Այգու այցելուների ազատ տեղաշարժին և հանգստին: Այգում անիվային շարժական միջոցներից հնարավոր է վարել մանկական սայլակներ, քանի որ դրանք գտնվում են ծնողների ուշադրության և անմիջական հսկողության ներքո, ինչպես նաև սակավաշարժության խնդիրներ ունեցող այցելուների համար նախատեսված սայլակներ, քանի որ այգում կան որոշ ճեմուղիներ, որոնք հարմարեցված են։

Արգելվում է գնդակով խաղալը, քանի որ այգու ոչ բոլոր տարածքներն են հարթ, իսկ ճեմուղիները նեղլիկ են և գնդակ խաղալու համար նախատեսված չեն: Փետրագնդակ (բադմինտոն) խաղալն այգում արգելված չէ, եթե այն խաղում են ոչ խոտածածկ տարածքներում:

Արգելվում է ցանկացած տեսակի ճայթուցիկների կամ այլ պայթուցիկ նյութերի օգտագործումը այգու տարածքում:

Արգելվում է ցանկացած շահույթ հետապնդող գործունեություն իրականացնել այգու տարածքում։ Առանց թույլտվության նկարահանումներ իրականացնելը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Դուք հանդիսանում եք զանգվածային լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչ և ունեք այդ մասին վկայող փաստաթուղթ: Այդ դեպքում, այգու անվտանգության աշխատակցին մոտենալով, Դուք կարող եք լրացնել մամուլի ներկայացուցիչների համար նախատեսված հայտը՝ հավաստելով, որ նկարահանումը շահույթ հետապնդող չէ, որից հետո կկարողանաք իրականացնել նախատեսված նկարահանումը: Այգում չեն արգելվում նաև սիրողական և հարսանեկան նկարահանումները:

Այգու տնօրինությունը պատասխանատվություն չի կրում.
• Այգու տարածքում անձնական իրերի կորստի կամ վնասի համար:
• Այցելուների և նրանց երեխաների անվտանգության համար: Երեխաների անվտանգ և ապահով ժամանցի ապահովումը ծնողի (ուղեկցողի) պարտականությունն է։
• Այգու տարածքում գտնվող ջրավազանում լողալու կամ ջրվեժների, քարե հորինվածքների, ծառերի և բլուրների վրա մագլցելու հետևանքով առողջությանը պատճառված վնասի դեպքում:
• Այգու անվտանգության կամ մյուս աշխատակիցները կարող են օգնություն տրամադրել որևէ մեկին, սակայն դա իրենց անձնական նախաձեռնությունն է, որի համար այգու տնօրինությունը պատասխանատվություն չի կրում:
• Այցելուների կողմից իրեն կամ երրորդ անձանց պատճառած վնասի համար, եթե այն տեղի չի ունեցել այգու աշխատակիցների կամ տնօրինության անմիջական մեղքով:

Այգու տարածքում Ձեր հանգիստն անցկացնելիս՝ խնդրում ենք հաշվի առնել այլ անձանց իրավունքները և ցանկությունները, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության կանոնները:

Այգու տարածքում հասարակական հանգստից բացի այլ տեսակի ցանկացած գործունեություն իրականացնելու համար (այդ թվում` տեսա և լուսանկարահանումներ, ձայնագրումներ, խմբային հավաքներ և այլն) անհրաժեշտ է ունենալ այգու տնօրինության գրավոր համաձայնությունը: Պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքում ( www.bg.am ), մեր Facebook սոցիալական կայք-էջից ( www.facebook.com/boghossiangardens ) կամ դիմել Տնօրինությանը:

Բոլոր կանոնները տարածվում են նաև այգու աշխատակիցների վրա: Այգու աշխատակիցները այգու տնօրինության լիազորված ներկայացուցիչներն են և իրավասու են հետևել այգու տարածքում կանոնների պահպանությանը, իսկ խախտում նկատելու դեպքում կատարել համապատասխան նկատողություններ և գործողություններ` այդ թվում դիմել այգու անվտանգության աշխատակիցներին և/կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Այգու որոշակի հատվածներ մշտապես տեսահսկվում են՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։

Ակնկալում ենք Ձեր համագործակցությունը և խնդրում ենք պահպանել նշված կանոնները, քանի որ դրանք նախ և առաջ ուղղված են Ձեր հանգստի ապահովմանը:




Please Rotate your device